Միջազգային հանրությունը նվերներ բերող ու գեղե...

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը… Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին:

Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց.

-Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ բացել, ինքը մենակ նվերներ ա բերում, ճանապարհը մենք պիտի բացենք…
Ձմեռ պապիկի այս մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին:

Որքան էլ ես տարիներ շարունակ ընդգրկված եմ միջազգային հանրությանն ուղղված կոչերում, հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական ջանքերում, բայց ես էլ լավ գիտակցում եմ, որ մեր խնդիրների լուծումը հենց մենք պետք է տանք:

Իսկ այդ ճանապարհին միջազգային գործիքակազմերը պարզապես լրացուցիչ աջակցող միջոցներ են, որոնց կիրառումն էլ պետք է լինի իրական շահերի ու լծակների, ոչ թե մեծապես լոկ շղարշային փաստարկների համար օգտագործվող արժեքների ու իրավունքների հիման վրա:

Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է…»։