Միջազգային 46 կազմակերպություն պահանջում է թո...

Միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան 46 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան, որի կազմում են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) և Freedom Now-ն, կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին մերժել Ադրբեջանի՝ 2027 թվականին կազմակերպությունը նախագահելու հայտը։ Այս մասին հայտնել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (EAFJD)։

Համատեղ հայտարարությամբ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, իրավապաշտպանների և քաղաքական ընդդիմախոսների ազատազրկման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու առնչությամբ։

Հայտարարության հեղինակները նախազգուշացրել են, որ Ադրբեջանը «անվտանգության, բնապահպանության կամ մարդու իրավունքների հարցերում վստահելի գործընկեր չէ և արժանի չէ նախագահելու կազմակերպությունը»։

Մեծ Բրիտանիան, որը 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի 35 սկզբնական ստորագրողներից մեկն է և ԵԱՀԿ նախորդող կառույցի՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) հիմնադիր մասնակիցներից, նույնպես ներգրավված է կազմակերպության ապագա ղեկավարության ընտրության գործընթացում։

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, կանխել Ադրբեջանի նախագահությունը՝ զգուշացնելով, որ այդ երկրի նշանակումը կվնասի մի կազմակերպության հեղինակությանը, որի գործունեության հիմքում անվտանգությունն է, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։

Նշենք, որ Ադրբեջանը հրավեր է ստացել ներկայացնելու իր թեկնածությունը ԵԱՀԿ նախագահության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Էստոնիայի գործընկերոջ՝ Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսում։