Մի շարք բնակավայրեր բնական գազ կունենան

Շիրակի մարզի Ամասիա համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվելու են բնական գազի ներքին ցանցերի կառուցման աշխատանքներ, որոնք կկատարվեն սուբվենցիոն ծրագրերով։

Ինչպես տեղեկացնում է Ամասիայի համայնքապետարանից, Գտաշեն բնակավայրում բնական գազի ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73 մլն 380.289 դրամ։ Հաշվի առնելով բնակավայրի սահմանամերձ լինելու հանգամանքը՝ համայնքի ֆինանսական մասնակցությունը սահմանվել է 40%՝ 29 մլն 352.116 դրամ, իսկ պետության համաֆինանսավորումը կազմում է 60%՝ 44 մլն 028.173 դրամ։ Ծրագրի իրականացման նպատակով շինարարի ընտրության մրցույթն արդեն ավարտվել է, և հայտնի է աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը։

Համայնք-պետություն համագործակցությամբ նախատեսվում է նաև Ամասիա համայնքի Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերում բնական գազի ներքին ցանցերի կառուցման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 92 մլն 468.838 դրամ։ Համայնքի ֆինանսավորումը կկազմի 45%՝ 41 մլն 610.977 դրամ, իսկ պետության համաֆինանսավորումը՝ 50 մլն 857.861 դրամ։

«Նշված ծրագրի շրջանակում ևս շինարարի ընտրության մրցույթն արդեն կայացել է, և հայտնի է աշխատանքներն իրականացնող ընկերությունը,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը՝ հավելելով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն եղանակային պայմանների բարելավման հետ։