Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:
Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:
Անդրադարձ է կատարվել էներգախնայողության, թվայնացման և հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:
Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով ՄԱԶԾ ազգային ծրագրային նոր փաստաթղթի մշակման աշխատանքների ընթացքում թիրախային ուղղությունների մշակումն ու նախանշումը: