Մեծ Բրիտանիան կանցկացնի Գազայի վերականգնմանը...

Մեծ Բրիտանիան այս շաբաթ կանցկացնի միջազգային խորհրդաժողով՝ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Գազայի հատվածի վերականգնման հարցը քննարկելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը:    

Նշվում է, որ «Մեծ Բրիտանիան առաջատար դեր կխաղա Գազայի շուրջ խաղաղության պլանի հաջորդ փուլում», այդ թվում՝ անկլավի «վերականգնման և վերակառուցման շուրջ եռօրյա խորհրդաժողովի» անցկացման միջոցով:

«Խորհրդաժողով կայցելեն մի քանի միջազգային գործընկերներ, ներառյալ Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածը և միջազգային զարգացման ֆինանսակաան ծրագրերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը», - ասված է հայտարարության մեջ:

Սթարմերի գրասենյակում հավելել են, որ միջոցառումը նվիրված կլինի Գազայի հետպատերազմյան կառավարման հարցերին:

«Քննարկումները կանդրադառնան նաև Պաղեստինի ազգային վարչակազմի վերափոխման աջակցության ջանքերին, - ընդգծվում է հաղորդագրության մեջ: - Վերակառուցման գործընթացը կգլխավորեն  պաղեստինցիները, իսկ ՀԱՄԱՍ-ը որևիցե դեր չի խաղա Գազայի ապագա կառավարման գործում»:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս շաբաթ Գազայում հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Լոնդոնում կհանդիպի Հորդանանի թագաժառանգ Հուսեյն բեն Աբդալայի հետ: