Մեր օրակարգը Հայաստանին պաշտպանական զենքերի վ...

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այս շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ վերջնական տեսքի են բերելու համագործակցության օպերացիոն և կոնկրետ միջոցառումները:

«Հետք»-ի փոխանցմամբ՝ սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաեւ Հայաստանի վրա կախված սպառնալիքը։

Ի պատասխան՝ Լըկորնյուն ասել է, որ սերտորեն հետեւում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, եւ նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։

«Նախագահ Էմանուել Մակրոնը հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ մեր քննարկումները։ Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- շարունակել է Լըկորնյուն: