
Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը և հոկտեմբերի ընթացքում մեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշաններով և նման կրծքանշաններով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման և իրենց տարեկան կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կառավարության նիստի անդամները ներկայացել են կրծքագեղձի դեմ պայքարի իրազեկման կրծքանշաններով։
Նախարարը հայտնեց, որ այս տարի Երևանի մի շարք շենքերի վրա փակցվել են նման հիշեցնող պաստառներ. «Այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաև մամոգրաֆիկ հետազոտությունները»,-ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարածված է և մահացության մակարդկն էլ է բարձր։
«Մեր կարգախոսն է «Մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»,- ասաց Ավանեսյանը և նշեց, որ վերջին տարիներին ունեն հայտնաբերման աճ և մահացության նվազում։
Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե առողջապահության ապահովագրության մեջ արդյոք կա կրծքագեղձի քաղցկեղի բուժումը և ստացավ դրական պատասխան։