Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կ...

Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ ծառայությունների եւ շինարարությունների ոլորտում է ակնկալվում մեծ աճ. «Շինարարության ոլորտում նաեւ որոշակի մեկ պրոյեկտով պայմանավորված շինարարական աշխատանքների որոշակի աճ ենք ակնկալում»:

Գալստյանն ասաց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել ֆոնդային բորսայի խորհրդի նիստ, որի ընթացքում ինքը եւ եւս մի քանի անձ դուրս են եկել խորհրդի կազմից, ընտրվել է խորհրդի նոր կազմ. «Այս պահին ակնկալել, որ ինչ-որ մեծ փոփոխություններ են լինում, ապա չէ, որովհետեւ դեռեւս նոր խորհրդի կազմավորման փուլում ենք: Մենք ստեղծում ենք հնարավորություն ֆինանսական ենթակառուցվածքի տեսքով»:

Անդրադառնալով ամերիկյան Silicon Valley Bank-ի ֆինանսական որոշակի դժվարություններին եւ դրա հետեւանքով հայկական ընկերությունների ֆինանսական խնդիրներին՝ Գալստյանն ասաց.  «Հայկական ստարթ ափերը, որոնք ունեն դեպոզիտներ բանկում, ենթադրաբար այդ միջոցները որոշակիորեն կվերականգնեն: ԱՄՆ-ի պետական համակարգի արձագանքը միտված է նրան, որ այդ վարակի ռիսկի տարածումը ֆինանսական համակարգում թույլ չտալ»: