Մեր հայրենիքի փլատակների վրա Փաշինյանը կառուց...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ քննադատելով նրա հայտարարությունները և դրանց հետևանքները։

Խաչատրյանի խոսքով, դեռևս երեք տարի առաջ Փաշինյանը սկսել էր խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ինչը, ըստ պատգամավորի, նոր՝ 4-րդ հանրապետություն ստեղծելու փորձ էր՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության կործանման հաշվին։ «Այդ պետությունը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված է Անկախության հռչակագրում»,– նշել է պատգամավորը։

Խաչատրյանը հիշեցրել է, որ կառավարական ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանին զգուշացրել էր, որ եթե նման գաղափար ուներ, այն պետք է արտացոլված լիներ ՔՊ նախընտրական ծրագրում։ «Մինչդեռ խոստացվածը Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիան էր և Արցախի հակամարտության կարգավորումը՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա»,– գրել է նա։

Պատգամավորը շեշտել է, որ Փաշինյանը «անտեսելով թվաբանությունը» խոսել է նոր մոդելի մասին, իսկ այժմ վերադարձել է թվաբանությանը և հայտարարում է Հայաստանի ու Արցախի միասնական հայրենիքի կործանման մասին։ Խաչատրյանի գնահատմամբ՝ դրա փոխարեն կառուցվում է «ամորֆ կազմավորում՝ թուրք-ադրբեջանական վասսալ վարչական միավոր», որտեղ պետք է մշտապես հաշվի առնել հարևանների «նուրբ զգացմունքները»։

«Եվ այդ նոր կազմավորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը։ Ով հետևել է նրա վերջին ելույթին և դահլիճի արձագանքին, վստահաբար նկատել է ֆյուրերի, դուչեի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելույթների նմանությունները»,– եզրափակել է պատգամավորը։