
Մեքսիկան ԱՄՆ իշխանություններին է հանձնել նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոյին և թմրակարտելի ևս 29 անդամների։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
Կինտերոն Գվադալախարա կարտելի հիմնադիրներից էր, որը 1970-1980-ական թվականներին թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ էր զբաղվում ԱՄՆ-ում: Նա 40 տարվա ազատազրկում էր կրում ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Կամարենայի առևանգման, խոշտանգումների և սպանության համար։ 2013 թվականին նա ազատ է արձակվել բանտից, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դա տեխնիկական սխալի պատճառով է։ Սակայն Կինտերոյին հաջողվել է փախչել։ Նա կրկին ձերբակալվել է 2022թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները պահանջում է նրան արտահանձնել։
Ինչպես նշում է Reuters-ը, Մեքսիկայի կողմից նարկոկարտելի անդամների հանձնումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին, ով ասել է, որ պատրաստվում է մարտի 4-ին մտցնել Մեքսիկայից ներմուծման համար նախկինում հետաձգված 25 տոկոս մաքսատուրքերը:
«Կարո Կինտերոն՝ կարտելի առաջնորդը, ով բռնություն և ավերածություններ է սանձազերծել Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում, չորս տասնամյակ գլխավորում է DEA-ի ամենափնտրվողների ցուցակը, և այսօր մենք հպարտ ենք հայտարարելու, որ նա ժամանել է Միացյալ Նահանգներ՝ արդարադատության առջեւ կանգնելու համար», - հինգշաբթի ասաց DEA-ի հանձնակատարի պաշտոնակատար Դերեկ Մալցը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Մեքսիկայի կողմից հանձնվածների թվում են «նարկոկարտելների առաջնորդներ և ղեկավարներ»: Արտահանձնվածներից մեկը Մարտին Սոտելոն էր, ով կասկածվում է 2022 թվականին Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում փոխշերիֆ Նեդ Բիրդի սպանությանը մասնակցելու մեջ։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փամ Բոնդին ասել է, որ կարտելի անդամները քրեական պատասխանատվության կենթարկվեն «օրենքի ողջ ծավալով»: Նա ասաց, որ նախագահ Դոնալդ Թրամփը «հասկացրել է, որ կարտելները ահաբեկչական խմբավորումներ են», և Արդարադատության նախարարությունը հավատարիմ է նրանց «ոչնչացնելուն»: