Մեր բժշկական կենտրոն դիմածների թիվն ամեն ամիս ավելանում է և դրանց պատճառներն անվտանգության պարզագույն կանոնների խախտումներն են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը:
«Համեմատելով նախորդ տարիների հետ գրեթե 30 %-ի աճ կարող ենք գրանցել։ Փորձում ենք բացատրել, զրուցում ենք ամեն մի առանձին դեպքի մասնակիցների հետ, թե բոժառուների, թե նրանց հարազատների հետ եւ գալիս ես այն մտքին, որ ամեն մի դեպք ամենապարզագույն կանոնի խախտումն է: Օրինակ՝ գազի հոտը հստակ կար, բայց չգիտես ինչու որոշեցին ծխախոտ օգտագործել, կամ տան պայմաններում ջրի կաթսան եռում է, իսկ նրա կողքին երեխաներ են խաղում: Շատ հեշտությամբ այդ կաթսան կարող է շրջվել և առաջացնել ծանր հետևանքներ: Ցավոք, քիչ չեն նաեւ մահվան ելքով դեպքերը, երեխաների շրջանում նույնպես,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ՝ օգոստոսին երկու շաբաթվա ընթացքում եղել է ավտոմեքենաներում պայթյունների 6 դեպք, և բոլոր դեպքերում պատճառն այն է, որ լիցքավորելուց հետո, երբ մեքենայում դեռ գազի հոտ է եղել, որոշել են ծխախոտ օգտագործել:
Հարցին՝ ամսական միջինը քանի՞ նման դեպք է լինում. «Տարեկան կտրվածքով դեպքերի քանակը 600-700 սահմաններում է: Այսինքն ամսական 50 դեպք ենք ունենում, որոնց մեծ մասը կենցաղային բնույթի այրվածքներն են՝ բարձր ջերմաստիճանի ջուր, հոսանքահարություն, վառելիքի կամ հեշտ բռնկվող նյութերի հետ շփման կանոնների խախտումներ, գազօջախի անսարքություններ: Շատացել են դեպքերը, երբ երկարաթեւ հագուստով գազօջախը միացնելու ժամանակ բռնկվում է հագուստը: Հատկապես տարեց մարդկանց մոտ շատ դժվար է լինում կրակը հանգցնել եւ մենք ունենում ենք մահվան ելքով դեպքեր»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ դեպքերի 35-40-ի դեպքում դրանք տեղի են ունենում երեխաների հետ: