
2021թ. օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչեւ օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց E-270» մակնիշի ավտոմեքենան: Կրակի հետեւանքով ջերմահարվել է նաեւ հարեւանությամբ կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին Politik.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նշանակվել է դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն: