
ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի անդամներ Գեղամ Մանուկյանը և Մարիամ Պողոսյանը մարտի 27-ին հանդիպել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարևորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը` այս հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը:
Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին:
Բարեկամական խմբի ղեկավարը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Պատգամավորը բարձրաձայնել է նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող այլ անձանց առնչվող հարցը:
«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, և այս այցը վկայում է այն մասին, որ ցանկանում ենք ամրապնդել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, խորացնել խորհրդարանական համագործակցությունը»,- նշել է Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը: Հյուրը խոսել է մի շարք բնագավառներում, հատկապես` տնտեսական ոլորտում գործակցության զարգացման մասին: