Մենք Ռուսաստանի հետ կապերի զարգացման ներուժ ե...

Մենք Ռուսաստանի հետ կապերի զարգացման ներուժ ենք տեսնում, այդ թվում՝ համատեղ արտադրական նախագծերի իրականացման, լոգիստիկայի զարգացման, էներգետիկայի, կրթության և մարդկային կապիտալի ոլորտներում ծրագրերի իրականացման առումով։ Այս մասին հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վարդան Կոստանյանը։

Նրա խոսքով, այս գործընթացներում միջազգային համագործակցությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա բացատրեց, որ Ռուսաստանի համաֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող կայուն համայնքային զարգացման ծրագիրը դարձել է նման համագործակցության վառ օրինակներից մեկը։

Կոստանյանը մանրամասնեց, որ 2020 թվականից ի վեր գյուղատնտեսության և ջերմոցային տնտեսության, վերամշակող արդյունաբերության և մեղվաբուծության ոլորտներում գործող ավելի քան 400 փոքր և միջին բիզնեսներ աջակցություն են ստացել այս ծրագրի շրջանակներում։ Նրա խոսքով, այս նախաձեռնությունները ոչ միայն ստեղծել են աշխատատեղեր, այլև ինքնաբավ տեղական տնտեսություն։ «Բացի այդ, կառուցվել և վերանորոգվել են բժշկական կենտրոններ, խաղահրապարակներ, ժամանակավոր կացարաններ և արևային կայաններ», - նշեց պաշտոնյան։

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատման է սպասում հաջորդ հինգ տարիների տարածաշրջանային զարգացման նոր ռազմավարությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանների միջև անհավասարակշռության հաղթահարմանը, ինչպես նաև նորարարական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը։ «Այս փաստաթուղթը հաշվի է առնում ոչ միայն տնտեսական և ժողովրդագրական մարտահրավերները, այլև ներկայիս իրողությունները», - եզրափակեց Կոստանյանը։