Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ: Ավագանու անդամները պնդում են՝ պայմանները սարսափելի են, և դա՝ 149 միլիոն դրամի դիմաց:
Ուղիղ եթերից հետ Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հրատապ մամուլի ասուլիս հրավիրեց՝ նշելով, թե իր մոտ տպավորություն էր, որ «Լույս»-ի ուղիղ եթերը շանտաժ էր և փորձ՝ սևացնելու քաղաքապետարանի և ՀԱՈԿ-ի աշխատանքը։
Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Վերջինիս խոսքով՝ Բեգոյանը, այնտեղ իրենց տեսնելով, սպառնացել է, ասել, թե դատի է տալու:
«Մենք արձանագրել ենք բաներ, որոնք ուղղակի չպետք է լինեին: Ես պարոն Բեգոյանին հորդորում եմ մեկ անգամ գոնե ընթերցել ավագանու լիազորությունները և իրավունքները»,-նշում է Վարդանյանը՝ շարունակելով.«Եվ երկրորդ՝ ինչ է նշանակում՝ երկու ոտքով եկաք, ընկաք թակարդը: Ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ թակարդի մասին է խոսքը: Այսինքն՝ մենք՝ որպես ավագանու անդամներ, գնացել ենք քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում այնտեղ, որովհետև բազմաթիվ բողոքներ ենք ստացել կենդանասերներից, ուրեմն պարոն Բեգոյանը պետք է գա ու սպառնա՞ մեզ»:
Անդրադառնալով Բեգոյանի տպավորությանը, թե «Լույսը» փորձում է սևացնել քաղաքապետարանի աշխատանքը, ավագանու անդամը նշեց.«Մենք մտել, ֆիքսել ենք այն, ինչ այդ պահին եղել է: Սևացնելու խնդիրը ո՞րն է: Այսինքն՝ այդտեղ նորմալ պայմաններ են եղել, մենք էլ բերել իրե՞ր ենք լցրել, թե՞ պատվաստանյութերի սրվակները, որ, երևի թե, ամիսներով դրված էին պահարանի տակ, տարել էինք մեզ հետ»:
Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ հակասություն է առաջացել ՀՈԱԿ-ի տնօրենի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի խոսքոմ, երբ Վարդանյանը հարցրել է, թե որտե՞ղ է շների կերը.
«Բեգոյանն ասաց, թե կերը քաղաքապետարանում է, իսկ դրանից հետո Հովսեփյանը մեկնաբաությամբ հայտնեց, թե ստերջացումից առաջ ու հետո շները չեն կերակրվում, հետևաբար կերի հարց չկա»,-նշեց Թեհմինա Վարդանյանը:
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ իրենք երեկվանից ստանում են զանգեր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրում բնակվող քաղաքացիներից.«Բոլորն են ազդված: Քաղաքապետարանից ընթացիկ մի քանի հարցի պատասխան ստանալուց հետո կամփոփենք մեր ունեցած տվյալներն ու հետագա գործողությունները»:



