Տարիներ առաջ Հայաստանի բարձրաստիճան դիվանագետներից մեկը ԱՄՆ պետդեպի պաշտոնայների հետ հանդիպման ժամանակ խնդրել էր, որ Հայաստանին առնչվող հայտարարություններում առավել պարզ լինեն, քանի որ հայաստանցիները դիվանագիտական տեքստերը շատ ուղիղ են հասկանում և հաճախ ԱՄՆ-ից ակնկալում են քայլեր, որոնք երբեք չեն կարող կյանքի կոչվել։
Դիվանագիտական խոհանոցի այս դրվագը լավագույնս է ցույց տալիս այն հոգեվիճակը, որում գտնվում են հայաստանցիները։ Մեզ թվում է, թե ամերիկացիները, եվրոպացիները, ռուսները ապրում են մեր խնդիրներով և պայքարում են, թե ով ավելի շատ կարող է «վիզ» դնել Հայաստանի համար։ Հանրության լայն զանգվածներին թվում է, թե աշխարհի առաջնորդները առավոտները սկսում են հայկական մամուլ, իսկ վերջին տարիներին անգամ հայկական ֆեյսբուք կարդալով։
Հենց այս տրամաբանությամբ էլ Արևմուտքի գործակալների քարոզչական արշավի ներքո հայաստանցիները դիմավորեցին ԵՄ դիտորդական առաքելության անդամներին։ Մինչ փորձառու մասնագետներն ասում էին, թե նրանից լուրջ քայլեր սպասել պետք չէ, որ ԵՄ դիտորդները այստեղ են իրենց սեփական շահերը սպասարկելու համար, իսկ Հայաստանը իրենց համար տարածք է Ռուսաստանի դեմ աշխատանքներ իրականացնելու համար, շատ հայաստանցիներ վստահ էին, որ սահմանային անվտանգությունը ապահովված է հեռադիտակով զինված դիտորդների շնորհիվ։
Երեկ տեղի ունեցած միջադեպը, սակայն փշրեց հեքիաթների հավատացող հանրության երազանքները։ Օրվա երկրորդ կեսին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների ուղղությամբ։
Այս հայտարարությանն ի պատասխան հերքող տեղեկատվություն տարածեց Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից կարճ ժամանակ անց ԵՄ դիտորդական առաքելությունը հերքեց պաշտոնապես տարածվող լուրը, հայտարարելով, թե ԵՄ դիտորդները Ադրբեջանի ԶՈՒ թիրախ չեն դարձել։ Ըստ էության ձայնակցելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Մի քանի ժամ անց, սակայն ՀՀ ՊՆ-ն տհաճ անակնկալ էր պատրաստել ԵՄ դիտորդական առաքելության համար՝ հրապարակվեց տեսանյութ կրակոցների վայրից, որտեղ ԵՄ դիտորդը կրակոցներից անմիջապես հետո պատմում էր եղելությունը։
ԵՄ առաքելության սուտը մերկացնող տեղեկատվության հրապարակումից հետո առաքելությունը ստիպված եղավ հեռացնել իր նախորդ հայտարարությունը պաշտոնական էջից և տեղադրեց նոր հայտարարություն, որով հաստատում էր ՀՀ ՊՆ տեղեկատվությունը։
ԵՄ առաքելությունն այս միջադեպով ապացուցեց, որ իրենք այստեղ են զուտ հակառուսական օրակարգով, իսկ Ադրբեջանի դեմ աշխատանք իրենց օրակարգում չկա; Նրանք թաքցնում են, ոչ միայն այն դեպքերը, երբ Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, այլև թաքցնում են անգամ իրենց ուղղությամբ արձակված կրակոցների փաստը։ Միայն հրապարակված տեսանյութը ստիպեց իրենց հետ կանգնել Ադրբեջանի թելը թելելուց։
Այս միջադեպը և դրան հաջորդած հայտարարություններն ըստ էության ԵՄ դիտորդական առաքելության իրական նպատակների բացահայտման վերջին դրվագն էր։ Հիշեցնենք, որ սրանից առաջ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ իրենք այստեղ որևէ շարժ պլանավորելիս այդ մասին տեղյակ են պահում Ադրբեջանին, ավելին Ալիևի խնդրանքով հարցումներ են իրականացնում հայկական գյուղերում որտեղ ենթադրաբար ժամանակին ադրբեջանցիներ են ապրել։
Հիշեցնենք նաև, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ԵՄ առաքելությունը Հայաստանում է, քանի որ Ալիևը կարծում է, որ ռուսներն ու հայերը ուժեր են կուտակում, որպեսզի հարձակվեն Ադրբեջանի վրա։ Այսինքն նրանք Հայաստան են եկել, որպեսզի Ալիևը հանգիստ լինի։
Հիմա արդեն աներկբա է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ է Ալիևի համար և ռուսների դեմ։ Հայաստանի շահը այստեղ, ոչ մի տեղ չունի։ Հայաստանն այս խաղում զուտ պլացդարմ է։
Մանրամասները՝ տեսանյութում։



