
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական էջում, ինչպես օրեր առաջ նշել էինք, հայտնվել էր մի տեսանյութ, որով բացատրվում է, թե ինչո՞ւ պետք է ԶԼՄ մասին օրենքը փոխվի, և մի շարք խստացումներ արվեն նոր օրենքում։
Այս տեսանյութի հրապարակումն արդյո՞ք ուղիղ կապ ունի վերջին շրջանում Հայաստանում գործող որոշ ԶԼՄ-ների դեմ սկսված լռեցման ակցիայի հետ և արդյո՞ք նոր թափ է տալիս այդ արշավին, թե՞ ոչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը հերքեց՝ նշելով, որ տեսանյութը հրապարակվել է իշխանություններից անկախ, իրենք գործում են անկախ․ և իրենց մոտեցումները ձևավորվում են իշխանություններից անկախ՝ երբեմն շատ հարցերում տարամիտվելով իշխանական մոտեցումներից․ «Ինչ վերաբերվում է ԶԼՄ-ներին, ես ինչ-որ ճնշումներ չեմ տեսնում, փակված հեռուստաալիքներ չեմ տեսնում։ Կան հեռուտաալիքներ, որոնք 24 ժամ, շաբաթը 7 օր քննադատում են իշխանություններին, և նրանց նկատմամբ որևէ հետապնդում կամ ճնշում ես չեմ տեսնում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում։
Իրենց առաջարկի հետ կապված, Դանիել Իոաննիսյանը նշեց, որ այն չի ենթադրում, որ իշխանությունը կարող է որևէ լծակ ստանալ իրենց ոչ հաճո որևէ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդում իրականացնելու համար․ «Լրատվամիջոցները կարող են քննադատել իշխանություններին ինչքան ուզեն, սակայն լրատվամիջոցը պետք է իր ընթերցողին ասի, թե ո՞վ է լրատվություն տարածող անձը։ Ով պատասխանատու է այդ կայքի համար, պետք է հայտնի, թե ովքե՞ր են իրեն ֆինանասավորողները և այլն»։