Բանակ ունենալը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ի համար ընդունելի է Ալիեւի պահանջը, որ Հայաստանը պետք է վերադարձնի այն զենքերը, որոնք գնել է այլ երկրներից:
«Արդյո՞ք մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։ Ոչ, մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։ Ավելին՝ ես հրապարակային ասել եմ, և ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ ՀՀ բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և անվտանգությունը։ Ուրիշ խնդիր Հայաստանի բանակը չունի և չի ունենալու։
Հիմա հարց, կան տարածքներ, որոնք ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ են, բայց Հայաստանի վերահսկողության ներքո չեն հիմա։ Նշանակում է իմ ասածը արդյո՞ք, որ Հայաստանի բանակը պատրաստվում է հարձակվել ու ռազմական ճանապարհով վերականգնել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքներում մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր լուծել։ Ոչ, չի նշանակում դա։ Հայաստանի բանակը նման խնդիր չունի և չի ունենալու, ինչու՞, որովհետև մենք արդեն ունենք սահմանազատման ստորագրված վարվերացված դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը պարտադիր փաստաթուղթ է և Հայաստանի, և Ադրբեջանի համար: Այնտեղ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունքը Ալմա Աթայի հռչակագիրն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
Ճշտող հարցին՝ հիմա Հայաստանի համար ընդունելի է այդ պահանջը, թե ոչ, Փաշինյանն արձագանքեց. «Գիտեք, եթե ես մտնեմ այո թե ոչի մեջ, նշանակում է ես քննարկում եմ այս հարցը: Այդ հարցը ես չեմ քննարկում, ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական զինված ուժեր ունենալու իրավունք և սեփական քաղաքացիների արտաքին անվտանգությունը ապահովելու պարտականություն:
Եվս մի հանգամանք, ավելին, Ադրբեջանը ունի՞ Հայաստանի սպառազինության հետ կապված մտահոգություններ կամ հարցեր, մենք էլ ունենք Ադրբեջանի սպառազինության հետ կապված հարցեր։ Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր ձևաչափով, ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ և այդ մեխանիզմները ենթադրում են նաև սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ։
Մենք այդ առաջարկը պաշտոնապես տվել ենք և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ գնալ առաջ»: