Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գ...

Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Արդարադատության նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը:

Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»: