
Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպելու պայմանավորվածություն ունենք, նամակը գրված է, պետք է օր նշանակեն, մի շարք հարցեր ենք դրել նախարարության հետ քննարկելու համար: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դժգոհող տնտեսվարողներից մեկը:
«Ըստ երևույթին, մեր նախարարություններից ոչ ոք ինչ-որ իրավասություն չունի որոշում կայացնելու, առանց գերագույն հրամանատարի, ես այդպես եմ հասկանում: Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ մենք չենք կարող, օրենքը կասեցնելը մեր գործը չէ, բայց դե եթե Էկոնոմիկայի նախարարությունն այդ ամեն ինչի հետ կապ չունի, ուրեմն մեր երկրում պետք չէ այդ նախարարությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ անընդհատ հավաքվելու են, իրենց ձայնը լսելի դարձնելու համար: «Ինչ մնում է նրան, որ պարոն Փաշինյանն ասում է, թե փոփոխությունները ճիշտ են, ասեմ՝ ի սկզբանե ժողովրդին մոլորության մեջ են գցել։ Երբ ասում են, որ եթե թղթավորեք ձեր ապրանքները, ընդհուպ մինչև 1%, դուք կարող եք ձեր հարկերը նվազեցնել, նման բան գոյություն չունի։ Տեսեք՝ յուրաքանչյուր տնտեսվարող ապրանքը թե կներմուծի, թե այդ թուղթ ասվածով կգնի, միայն այդ հատվածն է 1%, իսկ մնացածը՝ ոչ: Բայց չէ՞ որ այդ մարդը պետք է շահույթ էլ ունենա, ինչ-որ մարդա, պետք է չէ՞ գա X ապրանքի վրա»,- նշեց տնտեսվարողը:
Դիտարկմանն էլ, որ իրենց միջոցով մեծ բիզնեսների վրա են ուզում դուրս գալ, նա նշեց. «Իմ կարծիքով, խոշորներին իրենք լավ էլ ճանաչում են, լավ էլ գիտեն խոշորները ով են, թող իրենց վրա աշխատեն, ինչի՞ են փոքրերին նեղում»։
Հարցին՝ Փաշինյանն ասում է՝ «յաշիկ առ յաշիկ», Բրաբուս առ Բրաբուս պիտի հետ բերի, նրանց մեջ կա՞ն այդպիսի մարդիկ, որ քշում են «յաշիկ», տնտեսվարողն ասաց. «Չէ, իհարկե ոչ, չունենք Բրաբուս մենք, ոչ էլ «յաշիկ» ունենք, միայն մարմնագույն «յաշիկներ» ունենք, ինչի մեջ ապրանք է առկա էլի»: