Մենք բոլորին տեղյակ կպահենք՝ ինչ է կատարվում...

«Իրականում օրակարգում մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունն էին , համընդհանուր պարբերականի դիտարկման մեխանիզմներն էին, և արդար դատաքննություններն ու դատական համակարգի բարեփոխումները, իսկ իմ ամբողջ ելույթը Հայաստանի Հանրապետությունում  տրանսգենդերների նկատմամբ խտրականության դրսևորումների վերաբերյալ էր: Ես ներկայացրի, որ 1 ամսում տրանսգենդերների նկատմամբ խտրականության 2 դեպք ենք ունեցել՝ մեկի կոկորդն են կտրել, մեկի բնակարանն են այրել: Դա՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոտնահարում, և խոսել եմ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տրանսգենդերների վիճակից»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի կողմ» ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում իր ելութին, որից հետո ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան Նաիրա Զոհրաբյանը զայրացավ: 

«Իրականում Նաիրա Զոհրաբյանը ահավոր խտրական վերաբերմունք ցույց տվեց, որովհետև խորհրդարանում ելույթները բազմազան էին, շատ էին, ինքը ոչ մեկին չանդրադարձավ: Բոլոր փոքրամասնություններին՝ ազգային փոքրամասնություններին, նույնիսկ մի քանի անգամ հնչել է ԼԳԲՏ բառը, սեռական փոքրամասնություն բառը, ինքը դրանցից ոչ մեկին չանդրադարձավ, իմ ելույթից հետո անմիջապես սկսեց իմ հանդեպ խտրական վերաբերմունքը: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված, չեմ կարող ասել՝ ինչի համար, ուղղակի ինքը, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, ինձ համար մի քիչ անընդունելի է, որովհետև ինքը կարող է հենց ամբիոնից, ամբողջ ներկաների ներկայությամբ խտրական դրսևորումներ ցույց տալ իմ անձի նկատմամբ, ու բառացի ինքը կրկնել է, որ Դուք ոչ մի ոտնահարված իրավունք չունեք»,-ասում է Լիլիթ Մարտիրոսյանը: 

Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց կազմակերպությունը շուտով հանդես կգա հանրային հայտարարությամբ, ինչպես նաև միջազգային և տեղական բոլոր դեսպաններին, ՀԿ-ներին, կառույցներին, տեղյակ կպահի, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո:

Մարիամ Սարգսյան