ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ բանակն աշխարհի ամենահզոր բանակն է, և դա անհերքելի է։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն իր հայրենակիցներին ուղղված ելույթում։
«Մենք այժմ ունենք աշխարհի ամենահզոր բանակը, և դա անհերքելի է։ Ես վերականգնեցի ամերիկյան հզորությունը, 10 ամսվա ընթացքում կարգավորեցի ութ պատերազմ և ավարտեցի պատերազմը Գազայում՝ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղություն բերելով Մերձավոր Արևելքին, և ապահովեցի պատանդների ազատ արձակումը՝ թե՛ ողջ մնացած, թե՛ մահացած»,-նշել է նա։
CNN-ի փոխանցմամբ՝ նա նաև խոստացել է, որ հաջորդ տարի իր ազգն ավելի ուժեղ կլինի։
«Տասնմեկ ամիս առաջ ես ժառանգեցի խառնաշփոթ, և ես այն շտկում եմ»,-ասել է Թրամփը՝ քննադատելով նախկին իշխանություններին։
Նախագահ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմի աշխատանքը՝ գովաբանելով անօրինական միգրացիայի հոսքը զսպելու ջանքերը և ընդգծելով տնտեսության մեջ գրանցած հաջողությունները։
«Վերջին յոթ ամիսների ընթացքում ոչ մի անօրինական ներգաղթյալի մեր երկիր մուտք գործելու թույլտվություն չի տրվել, մի սխրանք, որը բոլորը համարում էին բացարձակապես անհնար»,-նշել է նա։



