Ապրիլ ամսվա կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն ապրիլի 1-ին՝ արդեն իսկ բարձրացված չափերով,բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով`բացառապես անկանխիկ եղանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են:
Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար: Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114@socservice.am էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը»,– գրել է նախարարն՝ ընդգծելով, որ իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում:



