Մեկ միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրվ...

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությունը (UNRWA) 1 միլիոն մարդու համար պարենամթերք է փոխադրել Գազայի հատված: 

«Հրադադարի համաձայնագրի գործողության առաջին օրերին UNRWA-ն բավարար չափով պարեն է հասցրել մեկ միլիոն մարդու՝ անկլավի բնակչության կեսին կերակրելու համար: Մենք ունենք պաշարներ, ինչպես նաև միջոցներ ու անձնակազմ՝ դրանք փոխադրելու համար», - այս մասին ասվում է X-ում կազմակերպության հրապարակման մեջ:

UNRWA-ում նաև նշել են, որ գործակալությունը, հենվելով  Գազայի հատվածում աշխատանքի 75 տարվա փորձի վրա, «գիտելիքներ, կապեր ու ծրագրեր ունի ողջ տարածաշրջանում օգնությունն արդյունավետորեն բաշխելու համար»: «Մեզ պարզապես կանաչ լույս է հարկավոր իսրայելական իշխանություններից», - ընդգծել են գործակալությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև հոկտեմբերի 11-ը Գազայի հատված մուտքի էր սպասում հումանիտար օգնություն տեղափոխող առնվազն 6 հազար բեռնատար։ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ Մարտին Ֆրիքը նշել է, որ ևս մոտավորապես 100 հազար տոննա պարենամթերք ճանապարհին է, և հենց որ այն հասնի անկլավ, «բավարար չափով պարեն կլինի մոտավորապես երեք ամիս Գազա մատակարարելու համար՝ անվտանգ և հուսալի փոխադրման դեպքում»։

Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները վերսկսեցին Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու շուրջ անուղղակի բանակցությունները՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Խորհրդակցություններին միացավ նաև Թուրքիան։ Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը համաձայնության եկան խաղաղության պլանի առաջին փուլի իրագործման շուրջ, որն ավելի վաղ ներկայացվել էր  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։