Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Հուսով ենք, որ շատ շուտով կառավարության որոշման նախագիծը կներկայացնենք եւ արագ կընդունվի աճուրդով վաճառքի վերաբերյալ:
Հետաքրքրվողներ եղել են հայեր, բայց ոչ Հայաստանից: Նրանց թիվը կարծես ավելանում է: Նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, Բաբայանը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»: