Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։
Նախարարի խոսքով՝ Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության հիմնական նպատակը սինթետիկ կամ արհեստական բանականությամբ ստեղծված հեռուստաբովանդակության նույնականացումն է՝ այն լսարանի համար հստակ տեսանելի դարձնելու միջոցով։
«Կառավարությունը օրենսդրական սույն նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ մենք հետայսու՝ օրենքի ընդունումից հետո, ակնկալելու ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն»,- ասաց Հայրապետյանը։
Նա պարզաբանեց, որ խոսքը համապատասխան լեյբլինգի մասին է, որի միջոցով բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքակազմով։
Նախարարը հավելեց, որ օրենքի ընդունումից հետո դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը և մոնիթորինգը իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումների պարագայում կկիրառվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։



