
Սիրելի՛ վաղարշապատցիներ,
Էջմիածին քաղաքի, Խոյ համայնքի, Ոսկեհատ գյուղի հարգելի՛ ընտրողներ,
«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջականիշխանափոխության համար:
Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից: Մեր ստորագրահավաք-ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածինցիների աջակցությունը:
Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:
«Մայր Հայաստանը» վաղարշապատցուն ներկայանում է համայնքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով։
. . .
Վաղարշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ՀՀ ներգնա տուրիստական կենտրոններից մեկը դառնալու և արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները (Վատիկանի տարբերակներով): Այդ նախադրյալներն են՝
–Մայր Տաճար և Աթոռանիստ քաղաք,
–մշակութային հզոր ժառանգություն,
–ՀՀ մայրաքաղաքին մոտ լինելը,
–«Զվարթնոց» օդանավակայանին մոտ լինելը,
–բնակլիմայական բարենպաստ պայմանները։
Ընտրողների վստահության քվեին արժանանալու և համայնքային իշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:
Վերը նշված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ։ «Մայր Հայաստանը» պարտավորվում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց։
Համայնքի ընթացիկ կառավարումը ներառելու է՝
- Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը:
Համայնքի կառավարման մեր սկզբունքներն են լինելու՝
-թափանցիկությունը,
-համատիրությունների գործունեության հանրային վերահսկողության իրականացումը,
-որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովումը,
-սոցիալական արդարությունը,
-կարգապահությունը և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցումը,
-հանրային շահի պաշտպանության առաջնահերթությունը,
-շարունակական բարեփոխումները։
-
Տեղական տուրքերի ու վճարների ճկուն քաղաքականության միջոցով փոքր ու միջին բիզնեսի խթանումը։
-
Գյուղական համայնքներում գործող ջերմոցային տնտեսություններին հարկային տեռորի չենթարկելը. գյուղացիական տնտեսություններին իշխանությունը պետք է աջակցի կամ առնվազն չխանգարի:
-
Ասֆալտապատման իրականացումը. առաջիկա հնգամյակում համայնքային փողոցները պետք է լինեն բարեկարգ, Էջմիածին քաղաքը պետք է մաքրվի փոշուց և աղբից։
-
Համայնքային, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտային նոր որակի համակարգի ձևավորումը, որը ենթադրում է ժամանակակից տրանսպորտային ցանցի ներդնում՝ համայնք-մասնավոր համագործակցության տարբերակով՝ մատչելի գնային քաղաքականությամբ: Թոշակառուները, հաշմանդամները, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները, Արցախից բռնի տեղահանվածները և ուսանողները պետք է ունենան անվճար կամ զեղչով երթևեկելու հնարավորություն: Գյուղերից դեպի Էջմիածին և Երևան փոխադրումը պետք է կրի կանոնավոր և քաղաքակիրթ բնույթ:
Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը պետք է սահմանվեն մինչև ժամը 23:00։ Տրանսպորտային պարկը պետք է ձևավորվի համայնքային միջոցների և արտաքին դոնորների ներգրավմամբ։
-
Փողոցային լուսավորության ապահովումը։Էջմիածնին լուսային փաթեթավորում տալը, այդ թվում՝ պատմամշակութային օբյկետների միջազգային ստանդարտներին համապատասխան լուսավորումը մեր առաջնահերթ խնդիրներից է։
-
Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը։
-
Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը մտնում է առաջնահերթությունների մեջ։ Աղբահանությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա: Նախատեսվում է շաբաթօրյակների պարբերական կազմակերպում:
-
Միջազգային լավագույն փորձի ներդրմամբ թափառող շների հիմնախնդրի լուծումը՝ ժամանակակից մեթոդներով և շատ կարճ ժամանակահատվածում։
-
Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։
-
Երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծումը՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։
-
Զբոսաշրջության զարգացման կենտրոնացված քաղաքականության իրականացումը, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնեսի խթանումը, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգումն ու նորերի ստեղծումը։ Համայնքը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Էջմիածնի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում։
Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլ նաև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը:
Զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև «մշակութային միջավայրի» ձևավորումն ու զարգացումը:
Համայնքը պետք է խթանի զբոսաշրջային մասնավոր բիզնեսը:
- Էջմիածնում «Խելացի քաղաքի» համակարգի ձևավորումը, որը նախատեսում է՝
-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,
-քաղաքի կառավարման թվայնացում,
–«E-governance» համակարգերի ներդրում,
-տեղական «IT» ընկերությունների և ստարտափերի համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում,
-համայնքային տարածքների խելացի կառավարում,
-«GIՏ» աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում։
- Համայնքային սեփականություն հանդիսացող
մանկապարտեզները պետք է լինեն անվճար:
-
Գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ապահովման իրականացում՝
արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:
. . .
Գալիք հինգ տարիների ընթացքում պլանավորում ենք հետևյալ աշխատանքները՝
- վերականգնել Զվարթնոց թաղամասում առկա «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի համար,
- համայնքապետարանը կիրականացնի քաղաքային կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադների ու կտուրների վերականգման աշխատանքներ,
- ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը,
- իրականացնել բակերի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծել բակային ֆուտբոլի խաղադաշտեր,
- կահավորել փողոցները՝ ճանապարհային նշանների ավելացման միջոցով,
- նպաստել սպորտի զարգացմանը՝ համապատասխան կառույցների վերանորոգման կամ նորերի ստեղծման միջոցով,
- գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքների իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ,
- Արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:
Հարգելի՛ ընտրող, Վաղարշապատը փոփոխությունների շեմին է։ Պետք է կատարել արժանապատիվ և զարգացմանը միտված ընտրություն:
Միացի՛ր, որ փոխենք: