
ՀՀ օրվա իշխանությունը տապալվել է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, լեգիտիմ չէ և պետք է հեռացվի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերից:
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:
Ելնելով վերը նշվածից՝ «Մայր Հայաստան» դաշինքը, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) գաղափարական և արմատական ընդդիմախոս, ընտրություններին մասնակցում է հետևյալ սկզբուներով:
1. «Մայր Հայաստանը» Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցում է ՔՊԿ-ին իշխանազրկելու և քաղաքային նոր իշխանություն ձևավորելու նպատակով:
2. «Մայր Հայաստանը» գործընկերային հարաբերություններ կհաստատի այն կուսակցությունների կամ դաշինքների հետ, որոնք կհայտարարեն, որ բացառում են ՔՊԿ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում: Այն քաղաքական միավորները, որոնք կփորձեն սպասարկել ՔՊԿ-ի արհեստական վերարտադրությանը, ստվերային ծառայություն մատուցելով, «Մայր Հայաստանի» հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ: Նրանք, ովքեր հստակ դիրքորոշում չեն հայտնի ՔՊԿ-ի վերաբերյալ, մեր կողմից կդիտարկվեն որպես ՔՊԿ-ի դրածոներ և կարժանանան համապատասխան վերաբերմունքի:
3. «Մայր Հայաստանը» Գյումրիում ձգտում է ամբողջական իշխանություն ձևավորելու քվեին, սակայն եթե ընտրության արդյունքները մեզ չտան ինքնուրույնաբար քաղաքային իշխանություն ձևավորելու հնարավորություն, ապա մեր դիրքորոշումն այն է, որ Գյումրիում գործադիր իշխանությունը պետք է ձևավորի այն ուժը, որն առավելագույն քվեներն է ստացել ընդդիմադիր դաշտում: Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժի կամ ուժերի ավագանու անդամները պետք է քվեարկեն ընդդիմադիր դաշտում առավել ձայներ ստացած ուժի քաղաքապետի թեկնածուի օգտին՝ չհավակնելով որևէ գործադիր պաշտոնի: Այդ ուժերի միջև համագործակցությունը պետք է լինի ծրագրային ու գաղափարական տիրույթում, իսկ գործադիր իշխանության վերահսկողությունը պետք է իրականացվի ավագանու ինստիտուտի միջոցով:
4. ՔՊԿ-ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել և ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների դեմ համագործակցաբար պայքարել, այդ թվում՝ ընտրատեղամասերում:
«Մայր Հայաստանը» կոչ է անում Գյումրիի ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր ներկայացող ուժերին նախքան ընտրությունների մեկնարկը հանդես գալ համանման սկզբունքների հայտարարությամբ կամ միանալ մեր հայտարարությանը:
«Մայր Հայաստան» դաշինք
01.03.2025թ.