
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը:
Նախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանման ուղղությամբ: Նա հատկապես կարևորել է սեմինարի ընդլայնվող աշխարհագրությունը:
«Մատենադարանն ակտիվորեն ներգրավված է գրավոր ժառանգության պահպանման գործընթացում՝ հատկապես այնպիսի տարածքներում, որոնցում կոնֆլիկտային իրավիճակները լրացուցիչ ռիսկեր ու մարտահրավերներ են առաջացնում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Մատենադարանի, դառնում է մշակութային ժառանգության պահպանման աջակից: Առաջիկայում Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով»,- Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նա շնորհակալություն է հայտնել հայկական ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին ամենօրյա ջանքի համար՝ ուղղված տարբեր հայագիտական կենտրոններում ամփոփված վիթխարի ժառանգության պատշաճ պահպանությանը և հետագա սերունդներին փոխանցմանը։ Նախարարը վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակաբար աջակցելու պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նա շնորհակալություն է հայտնել նաև Մատենադարանի աշխատակազմին և գործընկեր կազմակերպություններին հետևողական համագործակցության և աջակցության համար:
«Վստահ եմ՝ ձևավորված միջավայրը հնարավորություն է տալիս Մատենադարանում իրականացնել ամենաբարձր մակարդակի վերականգնման աշխատանքներ, և այս իմաստով շատ կարևոր է նաև գիտական և հետազոտական ոլորտի համագործակցությունը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
Ներկաներին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար:
«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին մասնակցում են շուրջ 20 երկրի ավելի քան 30 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել ոլորտի պատասխանատուների՝ վերականգնողների և ֆոնդապահների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների արդյունքների հասանելիությանը՝ ամրապնդելով միջազգային գրավոր ժառանգության հանդեպ միասնական պատասխանատվության գիտակցումը։
Սեմինարի ընթացքում միջազգային գործընկերներին ներկայացվելու են Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիան և վերականգնողական թղթի նորաստեղծ արտադրամասը, որն հիմնվել է «ԱրարատԲանկ»-ի աջակցությամբ։
Բացման պաշտոնական մասին հաջորդել է «ԱրարատԲանկ»-ին՝ որպես աջակցի, «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալի շնորհման և Պատվո կամարին հաստատության անունը հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։