Դուք դրան խմորում եք անվանում, ես կանվանեի աշխատանքային պրոցես, պարտադիր չէ, որ թիմում բոլորը միակարծիք լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով ՔՊ-ում տիրող վիճակի մասին:
«Ես չեմ համարում, որ դրանք շատ մեծ խնդիրներ են, կարծում եմ՝ աշխատանքային պրոցես է: Իհարկե, ցանկալի է, որ այդպես չլինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՔՊ-ի վարկանիշը նվազել է եւ Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ «մասովկաներ» են կազմակերպվում, Սանոսյանն ասաց. «Բացարձակապես այդպիսի բան երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել: Ես ձեզ վստահեցնում եմ որպես ՏԿԵ նախարար, ով հիմնականում մասնակցում է մարզերում կազմակերպվող այցերին: Նման կարիք չի եղել, չկա էլ»:
Հարցին՝ մարզերում ինչ բողոքներ ունեն բնակիչները, նախարարը պատասխանեց. «Առաջ մեր բնակիչները հավատ չունեին, որ իրենց մի շարք ենթակառուցվածքներ, իրենց միջավայրը կփոխվի, իրենց դպրոցը, մանկապարտեզը, ճանապարհը, խմելու ջուրը: Հիմա այդ խպնդիրը չկա, իրենք հավատում են, որ դա տեղի կունենա, ավելի շատ որոշակի անհամբերություն կա, բոլորն ուզում են օր առաջ լուծված տեսնել իրենց համայնքի խնդիրները՝ տեսնելով, որ կառավարությունը մեծ ծավալով ծրագրեր է անում: Դա նորմալ ցանկություն է, այլ հարց է, որ հնարավոր չէ բոլոր հարցերը միանգամից լուծել»:
Գնել Սանոսյանը հերքեց լուրերը, թե որեւէ մարզպետի հրաժարականի հարց է քննարկվում այս պահին: