Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանն անհրաժեշտություն է համարում մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքում առկա անտառային տարածքների կրկնապատկումը:
Մասնագետը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա շեշտել է՝ քանի որ Հայաստանի անտառային տարածքները կազմում են ընդամենը 10-ից 11-%, դրանք էկոլոգիական առումով ոչ մի նախադրյալ չեն ստեղծում լանդշաֆտների և առհասարակ ամբողջ հանրապետության էկոլոգիական վիճակը բարեկարգելու համար: Հետևաբար` անտառային տարածքների կրկնապատկումը պարզապես անհրաժեշտություն է:
«Անտառտնկումը, իհարկե, մեր մարտահրավերն է, որ պետք է կատարենք, բայց երկու շատ կարևոր հարց կա՝ որտե՞ղ ենք տնկելու անտառը և ի՞նչ տնկանյութ ենք օգտագործելու: Եթե մոտավորապես այսօրվա անտառային մակերեսների չափ մակերես հատկացնենք նորից անտառային տարածքի, հանրապետության գյուղատնտեսությունը լրջորեն կտուժի, մենք այդքան տարածքներ չունենք, իսկ չտնկել էլ պարզապես չենք կարող, մեր լանդշաֆտները պահպանելու համար այն խիստ անհրաժեշտ է: Հետևաբար, տնկումը պետք է իրականացվի հենց գյուղատնտեսական օգտագործման միջավայրում՝ ագրոլանդշաֆտում, և դա պետք է անել պարզապես չօգտագործվող, այլ նպատակի համար ոչ պիտանի՝ քարակույտերով և աղբով պատված տարածքներում, որոնք մեր հանրապետությունում շատ են: Մեր պատկերացմամբ՝ հենց սրանք էլ պետք է լինեն մեր անտառային զանգվածի ապագա տարածքները »,- ասաց Թամոյանը:



