ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ժամանակ է գտել, ու որոշել է անդրադառնալ Զոհրաբ Մնացականյանի՝ BBC լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը տված հարցազրույցին, որը վերջին օրերին հայկական տարբեր հարթակներում քննարկվող թիվ մեկ թեման է, ու արժանանում է բուռն քննադատության։
Մայիլյանը փորձեց անդրադառնալ, սակայն արդյունքում ստացվեց շարքային փաստաբանություն՝ հօգուտ Զոհրաբ Մնացականյանի։ Նման փաստաբանական պաշտպանական ծառայությունները ժամանակին տարածված էին սփյուռքի համայնքներում, եւ ինչպես պիտի նկատեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ակնհայտորեն լիներ իշխանության ղեկին, ցավալի է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու մոտ մտածողությունը համայնականից չի բարձրացել պետականի։ Նախ, Զոհրաբ Մանցականյանը պետական պաշտոնյա է եւ որպես այդպիսին նա մշտապես պետք է լինի հանրության ուշադրության եւ նաեւ՝ ոչ միանշանակ ընկալման ու քննադատությունների թիրախում։
Այստեղ անպատեհություն չկա։ Երկրորդ, առհասարակ կարիք չկա «աշխարհումս իմն դուն իս» սայաթ-նովայական տրամադրություններով դիֆերամբ ձոնելու Զոհրաբ Մնացականյանին, նրա դիվանագիտական կարողություններն ու հմտությունները սազն առած գովելով։ Սերենադների ժամանակները միջնադարում էին ու դրանք արդեն ժամանակավրեպ են։ Բացի այդ, ոչ ոք, ոչ մի լրագրող, աշխարհի ցանկացած կետում պարտավոր չէ զրույցը վարել հարցազրույց տվողի տրամադրություններին համահունչ եւ պարտավոր է այն տանել իր ուզած հունով։ Հարցազրույց տվողն է, որ եթե ասելիք ունի եւ վստահ է, որ կարող է դիմակայել «ռմբահարությանը», պետք է այնքան կարողունակ լինի, որ կարողանա ոչ միայն ինքնապաշտպանվել, այլ նաեւ անցնել հակահարձակման։
Զոհրաբ Մնացականյանի մոտ պաշտպանությունը խղճալիորեն թույլ էր, հակահարձակման մասին խոսելն՝ ավելորդ։ Բացի այդ, զորակցելով Զոհրաբ Մնացականյանին, Մասիս Մայիլյանի մոտ, օրինակ հարց չի առաջանում, թե Արցախն ինչու է կոչվում պատմականորեն հայերով բնակեցված սոսկ տարածք, ինչու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին փաստելու փոխարեն, կամ 80-ականների վերջերին, անցյալ դարի, հայերի հանդեպ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում կոտորածների մասին խոսելու փոխարեն, որպես հակադարձում, Զոհրաբ Մնացկանյանը անատամ ծամծմոցու հետեւից էր ընկել։
Կամ առհասարակ, կարող է արդյոք գոնե իրեն կադրային դիվանագետ համարող Մասիս Մայիլյանը սահմանել, թե որն է Արցախյան կարգավորման կոնցեպտը Նիկոլ Փաշինյանի կաբինետում, որը ներկայացնելու, պաշտպանելու ու առաջ մղելու պարտավորություն ունի Մնացականյան Զոհրաբը որպես նախարար։



