Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն առանձին կմասնակցի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է։ Վերջինս ՀՀԿ անդամ է։ Արտյոմ Ղուկասյանը ԱԺ պատգամավոր է եղել՝ 2007 թվականին։ Արտյոմ Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Ղուկասյանն, ինչպես հայտի է ժամանակին ՀՀԿ-ական է եղել, բայց հետո հանգրվանել է ԲՀԿ-ում։
Ուշագրավն այն է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։ Բայց ՏՒՄ ընտրություններին ոչ թե «Պատիվ ունեմ» դաշինքով են մասնակցելու, այլ՝ առանձին։
Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին հնարավոր մասնակցությանը, ապա կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ կուսակցությունն այս պահին որևէ որոշում չունի։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2021-ի արտահերթ ընտրություններին մանսակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով՝ «Հայրենիքի» քվոտայով։ «Հայրենիք» կուսակցությունում մտադիր են եղել հենց Մարտուն Գրիգորյանի դեմքով մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց մեր ունեցած հավաստի տեղեկություններով Գրիգորյանը մերժել է Վանեցյանին։



