
Հայաստանում էլեկտրոնային համակարգերի միջոցով անշարժ գույքի առուվաճառքի գործարքներ կնքելու մեխանիզմներ են ստեղծվում:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը հավանություն ստացավ կառավարության օգոստոսի 21-ի նիստում:
«Առաջարկվում է գրասենյակներում, խորհրդատվական կենտրոններում կնքվող որոշակի պայմանագրերի դեպքում հնարավորություն տալ, որ կողմերը՝ վաճառողն ու գնորդը, էլեկտրոնային համակարգի միջոցով՝ «Ես եմ» նույնականացման համակարգով կազմված ու ստորագրված պայմանագիրը ստորագրեն իրենց համակարգիչներից, հեռախոսներից՝ թվային ստորագրությամբ, այնուհետև անմիջապես ստորագրումից հետո ներկայացնեն իրավունքի պետական գրանցման: Եվ այս աշխատանքներն իրականացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում»,–ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այս նոր գործիքակազմը թեթևացնելու է աշխատանքի ծավալը, նաև արագացնելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը:
Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ այսօր կա 2-ժամյա գործընթաց, երբ պայմանագիրը կնքելուց հետո 6-ապատիկ վճարի առկայության պարագայում 2 ժամվա ընթացքում կատարում են իրավունքի պետական գրանցում: «Այս փոփոխությամբ այդ 2 ժամվա գործընթացը և 6-ապատիկ վճարի խնդիրը կկարգավորվի այնպես, որ ինքնաշխատ համակարգով իրավունքի պետական գրանցումը իրականացնելուց ու պայմանագիրը մուտք անելուց հետո համակարգն անմիջապես կգեներացնի գնորդի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի վկայականը»,-ասաց նա:
Այս փոփոխությունն իրականացվում է պիլոտային եղանակով: Այս ընթացքում փորձարկելու են համակարգը, որից հետո, լիահույս են, որ գործիքակազմը կտարածեն սկզբնական փուլում ստանդարտ պայմանագրերի վրա, ապա ավելի բարդ պայմանագրերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ խոսքն առցանց եղանակով պայմանագրեր կնքելու մասին է:
Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունված մեկ այլ նախագծով նախատեսվում է, որ այն գործարքները, որոնք ունեն հիփոթեքային վարկավորում, այսինքն՝ եռակողմ պայմանագրեր են, որին մասնակցում է բանկը, ապա պայմանագրի բնօրինակը հաստատելուց հետո կողմերը կարող են վիրտուալ միջավայրում կնքել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարին այցելելու:
«Մեր պլանն այն է, որ մարդն առանց տնից դուրս գալու կարող է տուն ձեռք բերել կամ վաճառել»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ այլ երկրներից ևս կարո՞ղ են առուվաճառք անել: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ դիտարկում են որոշակի գործիքակազմեր:
«Բանկը, քանի որ հանդիսանում է հիփոթեքային վարկ տրամադրող սուբյեկտ, կկարողանա այդ նույնականացումն իրականացնել իրենց մոտ առկա մեխանիզմների օգնությամբ: Եվ այն գնորդը, վաճառողը, որը կնույնականացվի այս մեխանիզմի միջոցով, կհամարվի համապատասխան ստորագրություն ներկայացնող մարդ: Եվ դա ևս մեզ համար կլինի ընդունելի»,-ասաց Թովմասյանը: