Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցները փետրվարի 20-ին այցելել են ՀՀ Սահմանադրական դատարան։
ՄԻՊ-ից հայտնում են, որ մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանողներ հանդիպել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ։
Դատարանի նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՍԴ կառուցվածքը, գործունեությունը, որոշումների ընդունման կարգը և Սահմանադրական դատարանի վերաբերյալ այլ մանրամասներ:
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ոլորտի վերաբերյալ`ուղղելով դրանք Սահմանադրական դատարանի նախագահին։
Նշենք, որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:



