Որպես մարդու իրավունքների պաշտպան բնականաբար չեմ կարող թույլատրելի համարել կամ գովերգել որևէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ մանասյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ՔՊ–ական Սարիկ Մինասյանը հայհոյել էր քաղաքացիներին, իսկ արդեն այսօր ներողություն խնդրել իր արարքի համար։
«Այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարների, այդ թվում իշխող կուսակցության առումով, ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Այո, շատ կարևոր է, որպեսզի բոլորը զերծ մնան և կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին, ընդհանրապես զերծ մնալ թե՛ ատելության խոսքի, թե՛ վիրավորանք պարունակող խոսքի, թե՛ ոչ իրավաչափ խոսքի այլ տեսակի դրսևորումներից։
Իհարկե կարևոր է, որ տարբեր դերակատարներ հասկանում են հարցի լրջությունը և ներողությամբ են հանդես գալիս, բայց ի վերջո մենք պետք է ձևավորենք միջավայր, որտեղ ընդհանրապես բոլորս զերծ կլինենք նման խոսքի դրսևորումներից և սա չի լինի սովորական պրակտիկա։
Ընդ որում սա սովորական պրակտիկա է ոչ միայն քաղաքական դերակատարների, հանրային գործիչների համար, սա շատ սովորական պրակտիկա է դարձել մասնագիտական համայնքների, երեխաների համար, որը իրապես պետք է մենք ամեն կերպ բացառենք»,–ասաց նա։
Հարցին՝ ինչ է անում ՄԻՊ–ը դա բացառելու համար, Անահիտ Մանասյանը պատասխանեց. «Մեր գործիքները սահմանված են սահմանադրությամբ ու օրենքով, առաջին հերթին, մասնավորապես ես անընդհատ եմ հրապարակային խոսում այս երևույթի անթույլատրելիության մասին։ Մենք շատ լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում։ Օրինակ, միայն նախորդ տարի շուրջ 1000 երեխա է ներգրավված եղել մեր հանրային իրազեկման աշխատանքներին։
Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում տարբեր իրավասու դերակատարների հետ, հատուկ պիտի ընդգծեմ լրատվամիջոցների շատ արձագանքողականությունը և կառուցողական լինելը։ Միայն նախորդ տարի երկու քննարկում ենք մեծ ունեցել միջազգային մեր գործընկերների հետ համատեղ կազմակերպված հենց ատելության խոսքին առնչվող հարցերի հետ կապված։ Նույնը արել ենք ԱԺ պատգամավորների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
Ցավալի է, բայց մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ դասախոսական, ուսուցչական կազմի ներկայացուցիչները շատ դեպքերում ոչ իրավաչափ խոսքի տեսակներ են օգտագործում։
ՄԻՊ–ի ամենամեծ գործիքը պաշտպանի հաղորդումներն են, զեկույցներն են, հրապարակային խոսելն է խնդիրների մասին, բնականաբար այս բոլոր հարցերը անընդհատ հասցեավորում ենք»։
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատկերացնում, որ Հայաստանում կգտնվի այդքան «շուն-շանգյալ», որ կքվեարկի ընդդիմադիր ուժերին՝ դրանով, ըստ էության, թիրախավորելով ընտրողներին, ՄԻՊ–ն ասաց. «Ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, այս դեպքում էլ մեր հաստատությանը ոչ թե պարզապես անհանգստացնում է ոչ զգայուն խոսքերի առկայությունը, այլ սա իրավունքների առնչությամբ պետք է ուսումնասիրման առարկա դառնա, մշտապես բոլոր դերակատարների առումով։ Ես կոչ եմ անում, որպեսզի զերծ մնան դրանից»։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նման հայտարարությունը ճնշում չեն ընտրողի կամքի վրա, Անահիտ Մանասյանն ասաց. «Դե հիմա, օրինակ, բազմաթիվ կուսակցություններ էլ ասում են, որ եթե ընտրեք իշխող կուսակցությանը, դուք կլինեք թուրք, դավաճան։ Ես չեմ արդարացնում, բայց ես չեմ կարող գնահատել, թե այս երկու խոսքի տեսակները ինչքանով են ընտրողների կամքի վրա ազդել կամ ինչքանով է ընտրողը փոխել իր տեսակետը այսպիսի ձևակերպումների արդյունքում։
Ես չեմ կարող նաև կոչ չանել քաղաքական դերակատարներին, որպեսզի նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում վտանգավորության սահմանը, միևնույնը իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի նրանք պարզապես զերծ մնան և զգայուն լինեն Իմ կոչը բոլորին է վերաբերում, իհարկե, և ես շատ կարևորում եմ, որ իմ ձայնը այդ թվում գործադիր իշխանության ղեկավարի տեսանկյունից լսվի»։



