ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Իսրայե...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ Իսրայելին՝ թույլատրել մարդասիրական բեռների մատակարարումը Գազայի հատվածին։ Այդ մասին հաղորդում է Politik.am-ը՝ վկայակոչելով Գուտերեշի տարածած հայտարարությունը:

«Այս դրամատիկ պահին, երբ մենք բոլորս գտնվում ենք անդունդի եզրին Մերձավոր Արևելքում, իմ՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունն է անել երկու հումանիտար կոչ․ ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պատանդներին։ Եվ Իսրայելին՝ հումանիտար մատակարարումների և աշխատողների համար արագ և անսահմանափակ հասանելիություն տրամադրել՝ հանուն Գազայի քաղաքացիական բնակչության», - հայտարարել է նա։

Ըստ Գուտերեշի՝ այդ նպատակները չպետք է դառնան սակարկությունների առարկա և պետք է հասնել դրանց, քանի որ «դա է ճիշտ վարվելակերպը»:

«Գազայի հատվածում սպառվում են ջուրը, էլեկտրաէներգիան և այլ կարևոր պաշարները: ՄԱԿ-ը պարենի, ջրի, ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և վառելիքի պաշարներ ունի Եգիպտոսի, Հորդանանի, Հորդանան գետի Արևմտյան ափի և Իսրայելի պահեստներում: Այդ ապրանքները կարող են ուղարկվել մի քանի ժամում», - նշել է նա։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մատակարարումների իրականացման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատակիցներին և գործընկեր ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն տալ «բեռներն անվտանգ մատակարարել Գազային և անարգել բաշխել դրանք կարիքավորներին»:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։