Լուսանկար․ Ռուստամ Բաքոյանը 2004 թվականին կաս...

Երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի (մամուլում հայտնի է Շիշ Բռնող մականունով) միջև տեղի ունեցած միջադեպից հետո իշխող թիմի մի շարք պատգամավորներն իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվում էին գրառումներով, որով աջակցում էին Հայկ Սարգսյանին։

Նման գրառումներից մեկի հեղինակն էլ ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էր։ Պատգամավորը գրել էր․ «Ով փողով բանակից մարդա ազատել` հայրենիքի դավաճանա»։

Հետաքրքիր է, որ Ռուստամ Բաքոյանն ինքն էլ կասկածելի պայմաններում ազատվել է զինվորական ծառայությունից։  2019 թվականին antifake.am-ը հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Ռուստամ Բաքոյանը զորակոչվել է 2004 թվականի հունիսի 29-ին և զորացրվել է 2004 թվականի սեպտեմբերի 26-ին։

2018 թվականի ընտրություններից հետո Ռուստամ Բաքոյանը փորձել էր թաքցնել այն, որ ինքը ազատվել է զինվորական ծառայությունից և ԱԺ պաշտոնական կայքում իր կենսագրության մեջ գրվել էր, որ նա 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։  Բաքոյանի կենսագրության մեջ փոփոխություն կատարվեց միայն կայքի բացահայտումից հետո։ Բաքոյանն, իհարկե, կայքի հրապարակումից հետո իր արդարացումներն էր ներկայացրել և անճշտությունը տեխնիկական խնդիր անվանել, բայց մի փոքր դժվար է հավատալ, որ պատգամավորը ամիսներ շարունակ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված իր կենսագրության մեջ եղած այս նկատելի անճշտությունը չի տեսել։ Հենց այս անճշտությունն էր նաև պատճառը, որ «Հետք» պարբերականի 2019 թվականի փետրվարին հրապարակված զինծառայությունից ազատված պատգամավորների ցանկից իր անունը բացակայում է։