Լուրջ չենք վերաբերվում իմպիչմենտի գործընթացին...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից 
վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնին։ Իսկ ձեր նշած երկու քաղաքացիները որևէ ժողովրդական զանգված չեն ներկայացնում, նրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ղեկավարի շնորհիվ հայտնվել են Ազգային ժողովում, և այն մարդիկ, որոնք իրենց ձայն են տվել դրա համար, վստահ եմ՝ հաջորդ անգամ ձայն չեն տալու»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելեց, որ իշխող ուժում այդ գործընթացը ոչ միայն չի քննարկվում, այլև որևէ քաղաքական նշանակություն չունի իրենց համար։ 

«Մեկ-մեկ իրար նյութեր ենք ուղարկում և ժպտում ենք, ասում ենք, որ Աղազարյանի և Ասլանյանի քաղաքական միությունն Էդմոն Մարուքյանին ծնեց որպես քաղաքական գործիչ։ Եվ դրանով սահմանափակվում է մեր քննարկումը»,-եզրափակեց Սիմոնյանը։

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, որոնք ավելի վաղ հեռացվել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ 

Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը մտնի Ազգային ժողովի օրակարգ, անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը միասին ունեն 34 ձայն։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել միայն իմպիչմենտի՝ իրենց առաջարկած նախաձեռնության տակ, որով վարչապետի թեկնածու է առաջադրվում Էդմոն Մարուքյանը, այլ թեկնածու հարց նրանք չեն պատրաստվում քննարկել և չեն միանա որևէ նախաձեռնության, որում վարչապետի թեկնածուն այլ անձ կլինի։ Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում կազմակերպել՝ հետագա քայլերը քննարկելու համար։ 

ԱԺ երկու պատգամավորների նախաձեռնությանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ չի պատրաստվում մտնել մի գործընթացի մեջ, որի հաջողության հեռանկարը զրոյին մոտ է։