Լիլիթ Մակունցը՝ հայ եւ ադրբեջանցի լրագրողների...

Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության համատեքստում, խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն, եւ բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, բնականաբար, բոլոր քայլերն արդարացված են այդ առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին:

Հարցին, թե արդյոք դա նպաստում է բանակցային գործընթացին եւ խնդրի կարգավորմանը, Մակունցն արձագանքեց. «Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է նպաստելու եւ ինչպիսի մթնոլորտ ու խաղաղության ինչպիսի միջավայր ենք տեսնում, մենք արդեն դրա մասին խոսել ենք: Նոր ասելու բան այդտեղ չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործունեությունը, եւ ինչով է պայմանավորված, որ այդ ակտիվությունը աճեց հեղափոխությունից հետո, Մակունցը պատասխանեց. «Ես այդ շեշտադրումների հետ համաձայն չեմ, որովհետեւ իրականում Ադրբեջանի քաղաքական խոսքում առանձնապես որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն ագրեսիան, որ կար նախկինում եւ դրսեւորվում էր տարբեր կերպ, կա նաեւ հիմա: