Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թելեգրամ ալիքում հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
«Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա», - ասել է նա՝ հավելելով, որ «Կապույտ սաղավարտներ»-ը կոչ են անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակչության անվտանգությունը:
Տենենտին ափսոսանք է հայտնել նոյեմբերի 5-ին իսրայելական հրետակոծության ժամանակ լիբանանյան չորս հոգանոց ընտանիքի մահվան կապակցությամբ:
Նա հիշեցրել է, որ քաղաքացիների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և կարող են լինել ռազմական հանցագործություններ:
Լիբանանյան Կարմիր Խաչի ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկրի հարավում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։
«Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև վերջին հակամարտությունը տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը հարավային Լիբանանում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը սահմանին հրադադար է սահմանել, որն այժմ վերահսկում են 36 պետությունների 12 հազար խաղաղապահներ։