Լիբանանի հարավում երկու առանձին միջադեպերի ժամանակ ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել. նրանք Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ նշվել է, որ մարտի 30-ին երկու խաղաղապահ զոհվել է, երբ անհայտ ծագմամբ ռումբը պայթեցրել է նրանց մեքենան Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայյան բնակավայրի մոտ։ Հաղորդվել է նաև, որ պայթյունի հետևանքով ևս երկու զինվոր վիրավորվել է։
Մյուս միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին Լիբանանի հարավում գտնվող Ադչիտ ալ-Քուսեյր գյուղի մոտ արկի պայթյունից, որի հետևանքով մեկ ինդոնեզացի զինվոր է զոհվել, ևս մեկ խաղաղապահ ծանր վիրավորվել է։
«Սրանք երկու առանձին միջադեպեր են, և մենք դրանք հետաքննում ենք որպես երկու առանձին միջադեպեր», - ասել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի խոսնակ Քենդիս Արդիելը։
Ինդոնեզիան դատապարտել է միջադեպը և հայտարարել, որ խաղաղապահներին հասցված ցանկացած վնաս անընդունելի է՝ միաժամանակ վերահաստատելով, որ դատապարտում է «Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումները»։
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարը X սոցիալական ցանցում արված գրառման մեջ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել և «արագ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն» անցկացնել «սարսափելի հարձակման» վերաբերյալ։
Մարտի 31-ի առավոտյան Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ տեղյակ են նշված երկու միջադեպի վերաբերյալ հաղորդագրություններից, և դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են՝ պարզելու՝ արդյոք դրանք «Հեզբոլլահ»-ի թե իսրայելական բանակի գործողությունների հետևանք են։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային և օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1240 մարդ: Նրանց թվում են ավելի քան 120 երեխա, գրեթե 80 կին և առողջապահության ոլորտի տասնյակ աշխատակիցներ:



