
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանը այցելել են ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին: Այս մասին հայտնել է Գառնիկ Դանիելյանը։
«Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր,
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար:
Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար:
Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա:
Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Մտահոգիչ են նաև պահման պայմանները:
Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան):
Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները:
Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները:
Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը: