ԼՀԿ-ն ակամա հայտնվեց արեւմտամետների ճամբարում

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում արդեն տեւական ժամանակ է ուշադրության կենտրոնում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որին պետաիրավական հանձնաժողովը դեմ էր արտահայտվել։ Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները։

Սա որքան էլ որ իր ելույթում տարօրինակ համարի հարցի հիմնական զեկուցող, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն բավական հետաքրքիր վերաբերմունք է, որը իր մեջ ոչ միայն ներպետական բաղադրիչ ունի, այլ նաեւ՝ աշխարհաքաղաքական։ Մասնավորապես, հատուկ ծառայության եւ իրավապահ համակարգը Հայաստանում ձեւավորվել է հիմնականում խորհրդային ժամանակներում եւ այսօր էլ հատկապես ԱԱԾ մասով կարող ենք ասել, որ խորհրդային հատուկ ծառայությունների ավանդույթների լավագույն կրողներից է։

Օրենքի նախագիծը եթե ընդունվեր ու դառնար օրենք, ապա կար մտավախություն, որ օրինակ ինչ որ պայմանական «սորոսական» կարող է հայտնվել այնպիսի կարեւոր համակարգում, ինչպիսին ԱԱԾ-ն է։ Այդ դեպքում կարելի է հասկանալ, թե ինչ պրոբլեմներ էին առաջանալու, թեկուզ եւ արեւմտամետ ուժերի կողմից հաճախակի բարձրաձայնվող լյուստրացիայի իրականացմամբ, եթե այդ պայմանական «սորոսական» պաշտոնյան գնար նման քայլի կամ փորձեր նման բան անել։ Հայ-ռուսական հարաբերությունների վերջին ջերմացումների կամ որ նույնն է, Նիկոլ Փաշինյանի՝ ընդգծված ռուսամետի կեցվածքի որդեգրման ֆոնին հասկանալի էր, որ նախագիծը անկենսունակ կդառնա։

Ի վերջո, սա այն խնդիրն է, որտեղ Հայաստանը չէր կարող անտեսել իր հովանավոր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի կարծիքը եւ վերաբերվում է պետության անվտանգությանն առհասարակ։ Սակայն զուտ քաղաքական իմաստով էլ բավական հետաքրքիր նրբերանգ կա։ Ակամա ԼՀԿ-ն, հայտնվեց արեւմտամետների ճամբարում։ Մեղմ ասած, առաջին ընթերցմամբ հույս տալով, իշխանական կուսակցությունը գլխադասային հանձնաժողովի մերժմամբ միանգամից ԼՀԿ-ին նետեց արեւմտամետների ճամբար։