«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կարվեն...

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում հավանություն տվեց «Լեզվի մասին» օրենքում փոփոխության նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է «Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ»։

Այս փոփոխությամբ հնարավոր կլինի իրականացնել «Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության» «Մեր ազգային արժեքները» գլխի 3-րդ կետով և «Մեր ազգային նպատակները» գլխի 6-րդ կետով սահմանված նպատակները, ըստ որոնց` «Հայոց լեզուն և հայ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը» հռչակված են ազգային արժեքներ, իսկ ազգային նպատակներում առանձին տեղ է տրված «հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանմանը և զարգացմանը»` ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը` ազգային ինքնագիտակցությունից հեռացող հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի մեծացմամբ:

Լեզվի կոմիտեի տված պարզաբանումները պարտադիր ուժ չեն ունեցել հենց այն պատճառով, որ դրանք լեզվաբանորեն նորմավորել են լեզվական իրողությունները, բայց օժտված չեն եղել պետական ու հանրային կյանքում պարտադիր իրավական ուժով։ Մյուս կողմից, որքան էլ օրենքով Լեզվի կոմիտեին տրված է լեզվի կանոնարկման գործառույթը, բայց պետական ու հանրային կյանքում տարածված լեզվական տարաձևությունները վերաբերում են պետական ու հանրային կյանքի տարբեր ոլորտներին։ Ուստի, դրանց կանոնարկումը մասնագիտորեն հիմնավորված և գործնականորեն ըստ անհրաժեշտության իրականացնելու համար կարևոր է  ոլորտային գերատեսչություններիև փորձագետների ներգրավումը լեզվական կանոնարկման աշխատանքներին հանձնաժողովի ձևաչափով։

Առաջարկվող կարգավորմամբ լրացվում են վերը նշված բացերը։ ՀՀ Կառավարությանը տրվում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատող լիազորող նորմ սահմանելու լիազորություն։