Լեզուս չի պտտվի օգտագործել եզրույթը, որ քննիչ...

Երեկ մեր հայրենակիցները ի՞նչ էին վանկարկում, ասում էին՝ արդարություն են պահանջում և ուզում են Սամվել Կարապետյանի ազատությունը վերականգնվի: Կան երևույթներ, որոնք իրավական տեսանկյունից էլ անխոցելի են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նշվում է, որ այսօր պաշտպանական կողմն է իր հիմնավորումները ներկայացնելու, հարցին՝ արդյո՞ք մեղադրական կողմն իր հիմնավորումները ներկայացրել վերջացրել է, ի՞նչ փաստ էին բերում, ինչու՞ Կարապետյանը, ըստ նրանց, պետք է մնա անազատության մեջ, Վարդևանյանը պատասխանեց.  

«Լեզուս չի պտտվի օգտագործել եզրույթը, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում: Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, պարզապես թղթից կարդում էին, մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Որքանով, որ կարող եմ ներկայացնել, հետևյալն էր՝ իրենք դեռևս ունեն վարույթային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք՝ պարզ չէ, չկա նշված»:

Նա հավելեց, որ եթե հարցին նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից և եթե վկայակոչվում է որևէ ռիսկ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակելու՝ պետք է այն ունենա կոնկրետություն, բխի կոնկրետ հանգամանքներից և գործի փաստական տվյալներից: Փաստաբանն ընդգծում է, դրանցից որևէ մեկն առկա չէ: 

«Իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ: Ինչի՞ց թաքնվի, օրինակ, Սամվել Կարապետյանը, ինչի՞ց պետք է թաքնվի, այս աբսուրդային մեղադրանքից, որն ակնհայտ աբսուրդային է բոլորի համար: Ի՞նչը պետք է լինի շահագրգռվածությունը, և երկրորդը, Սամվել Կարապետյանը հուլիսի 4-ին իր ուղերձում հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ պայմաններում ի՞նչ թաքնվելու ռիսկ»,-նշեց փաստաբանը:

Վարդևանյանն ասաց, որ ցանկացած անաչառ դիտորդ կհաստատի՝ այս ամենի շարժառիթներից գլխավորը քաղաքական գործընթացն է: 

«Ես կարող եմ հետևյալն ասել, իրականում բոլոր հարցերը կամ դրանց պատասխանները, կամ, միգուցե երկուսը միաժամանակ, թաքնված են Facebook սոցիալական ցանցում գործադիր իշխանության ղեկավարի հունիսի 17-ի գրառումներում: Դրանով սկիզբ դրվեց քաղաքական հետապնդմանը»-նշեց Արամ Վարդևանյանը: