
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր գրառմամբ հանդես է եկել պահանջով՝ հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը։
Զուրաբյանի խոսքով՝ այդ փաստաթղթում նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ», սակայն իշխանությունները թաքցրել են դրա բովանդակությունը և տարիներ շարունակ մոլորեցրել հանրությանը։
«Անամոթաբար խաբում են, որ իբր պլանը նախատեսում էր միայն 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ, այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, այսինքն՝ անժամկետ»,– գրել է Զուրաբյանը։
Նրա պնդմամբ՝ իշխանությունները մերժել են այդ առաջարկը, սակայն միաժամանակ հերքել են նոր փաստաթղթի գոյությունը։ «Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, ինչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը»,– ընդգծել է ՀԱԿ փոխնախագահը։
Զուրաբյանը եզրափակել է իր գրառումը կոչով․ «Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք։ Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին»։