
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Եվրոպական միությանը կոչ է անում թիրախավորված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտումների համար, որոնք թույլ է տվել այդ երկիրը։
Լևոն Քոչարյանն այդ մասին ասել է մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի մասին։
«Հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից միջազգային իրավունքի լուրջ խախտում է։ Կոչ ենք անում Եվրամիությանը ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանվածները կարողանան ապահով վերադառնալ՝ միջազգային պաշտպանվածության ներքո, ինչպես նաև կոչ ենք անում աջակցել Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ազատմանը»,-ընդգծել է պատգամավորը:
Լևոն Քոչարյանը բարձր է գնահատել Եվրախորհրդարանի հայտարարություններն ու առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի շարունակական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը դատապարտելուն։
«Տեղահանվածների վերադարձի իրավունքի, բանտարկյալների և գերիների ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին հայտարարությունները շատ կարևոր քայլեր են հաշվետվողականության և արդարության համար։ Այս միջոցները շատ կարևոր են ոչ միայն անցյալի անարդարությունը հասցեագրելու, այլ նաև երկարաժամկետ տարածաշրջանային կայունություն ապահովելու համար։ Սա պետք է մնա առաջնահերթություն թե՛ ԵՄ-ի, թե՛ միջազգային հանրության համար»,-նշել է Քոչարյանը։