ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրագրող Թաթուլ Հակոբյանը անդրադարձել է իմ վերջին գրառմանը Մեղրիի հետ կապված: Շնորհակալ եմ անդրադարձի համար, ինչպես նաև գրածներիս մեծ մասի հետ հրապարակային համաձայնություն հայտնելու համար: Այնուամենայնիվ պարոն Հակոբյանը անհամաձայնություն է հայտնել միայն 3-րդ կետի հետ կապված, նշելով, որ Հայաստանի տարածքը այդ մասում Արաքսի ափով 8 մետր կարճանում է (մոտավոր 35 հեկտար): Չգիտեմ, թե ինչ փաստաթղթի վրա հիմնվելով է պարոն Հակոբյանը նման բան ասում, սակայն կարող եմ միանշանակ ասել հետևյալը. 2001թ. ապրիլին, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանել են Քի Վեսթ, համանախագահները նրանց են հանձնել կարգավորման փաթեթի վերջին տարբերակը: Այդ փաստաթղթում Ադրբեջանին տրվող սուվերեն անցումի (ճանապարհի) մասով գրվել է հետևյալը. ճանապարհի բոլոր հնարավոր տեղերում պետք է կառուցել էստակադաներ կամ թունելներ (երևի թե սրա կարիքը չէր էլ լինելու, ամեն դեպքում գրված էր), որպեսզի չխոչընդոտվի հայկական բնակավայրերի և կոմունիկացիաների բնականոն ընթացքը: Ինչպես նաև հատուկ գրված էր, որ տրվող ճանապարհի տակի ոչ հողը, ոչ ընդերքը, և ոչ էլ ճանապարհի վրայի օդային տարածքը Ադրբեջանին չեն անցնում: Ավելի պարզ ասած սա նշանակում է, որ այդ ճանապարհը քարտեզի վրա չէր նշվելու որպես Ադրբեջան»։