
Լեհաստանը խնդրել է կիրառել ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է BBC News-ը։
Այս հոդվածը թույլ է տալիս անդամ երկրներին բարձրացնել հարցը Հյուսիսատլանտյան խորհրդում (ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական որոշումներ կայացնող մարմին)։ Այնուհետև, խորհրդակցություններ են անցկացվում՝ պարզելու համար, թե արդյոք վտանգի տակ է հայտնվել այս կամ այն անդամ երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը։
Նրա խոսքով՝ Լեհաստանի Զինված ուժերը մեկ գիշերվա ընթացքում երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի 19 ներխուժում են արձանագրել։ Նա հայտնել է, որ երեք կամ հնարավոր է չորս անօդաչու թռչող սարք է խոցվել լեհական և ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից, որոնք օդ են բարձրացվել սպառնալիքը վերացնելու համար։
Տուսկը հավելել է, որ զգալի թվով անօդաչու թռչող սարքեր են թռել երկիր Բելառուսից։ Վերջին անօդաչու թռչող սարքը խոցվել է տեղական ժամանակով ժամը 06։45-ին։